Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

«Մրցանակները ոչ միայն գրողին են պետք, այլև ընթերցողին»

«Մրցանակները ոչ միայն գրողին են պետք, այլև ընթերցողին»
10.02.2015 | 12:38

«Մրցանակները ոչ միայն գրողին են պետք, այլև ընթերցողին, որովհետև վերջինս, տեսնելով, թե ինչ մրցանակներ է ստացել տվյալ գրողը, ինչ գրքեր են լույս տեսել, միտվում է ճանաչելու գրողին, կարդալու այդ գրքերը,- գրողների տանը տեղի ունեցած մրցանակաբաշխության ժամանակ ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, նշելով, որ ՀԳՄ ամենամյա մրցանակը թեև համեստ է ֆինանսական առումով, բայց հարգանքն այդ մրցանակների հանդեպ միշտ մեծ է եղել:- Գրողներն իրենց կենսագրության մեջ անպայման նշում են, որ արժանացել են Դերենիկ Դեմիրճյանի, Ավետիք Իսահակյանի, Լևոն Շանթի և այլ անվանի գրողների անունները կրող մրցանակների: Դա ինչ-որ առումով նաև գրողական որակի նշան է»:
ՀԳՄ ամենամյա մրցանակներ շնորհվեցին Հովիկ Վարդումյանին, Նորայր Գրիգորյանին, Սամվել Կոսյանին, Լյուդվիգ Կարապետյանին, Սուրեն Մուրադյանին, Արմեն Շեկոյանին և այլոց: Պատվոգրերի արժանացան նաև գրողների միության գործունեությունը ակտիվորեն լուսաբանող լրատվամիջոցների (այդ թվում՝ «Իրատես de facto»-ի) լրագրողները:

«ՊԵՏՔ Է ՈԳԵՎՈՐՎԵԼ ԼԱՎ ԳՐՔՈՎ, ՄՏԱՀՈԳՎԵԼ ԼԱՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԽՆԴԻՐՆԵՐՈՎ»
ՆՈՐԱՅՐ ԱԴԱԼՅԱՆ (արձակագիր, գրականագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ)
-Կա կարծիք, որ մրցանակներ շնորհելիս կողմնապահություն են անում, ավելի շատ անուններն են կարևորում, քան արած աշխատանքը:
-Ես կարծում եմ, որ մեր ժողովուրդը կողմնապահ ժողովուրդ է նաև: Կողմնապահությունից չենք կարող խուսափել, բայց, կարծում եմ, հիմնականում ճիշտ են տրվում մրցանակները:
-Ի՞նչ է տալիս մրցանակը գրողին կամ գրականությանը:
-Մենք կորցրել ենք ընթերցողին, գրքերը լույս են տեսնում սահմանափակ քանակությամբ: Մրցանակները գուցե առիթ լինեն, որ որոշ գրողների վրա ուշադրությունն ավելի սևեռվի: Մրցանակը լավ է, բայց պետք չէ դրանով ոգևորվել: Պետք է ոգևորվել լավ գրքով, մտահոգվել լավ գրականություն ստեղծելու խնդիրներով:


«ԱՆՊԱՅՄԱՆ ՉԷ, ՈՐ ՄԵՐ ՄԱՍԻՆ ՄԻԱՅՆ ԼԱՎԸ ԽՈՍԵՆ»
ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ (ՀՀ մշակույթի նախարարության հրատարակչական գործի գործակալության պետ, ՀԳՄ նախագահ)
-Պարոն Միլիտոնյան, կարելի՞ է ասել, որ լրագրողներն ակտիվորեն լուսաբանում են գրականությունն ու գրական խնդիրները:
-Անշուշտ, տարվա ընթացքում նկատելի էր, որ իսկապես կա ուշադրություն գրականության նկատմամբ: Եվ անպայման չէ, որ մեր մասին միայն լավ խոսեն:
-Կար մի շրջան, երբ միայն սենսացիաներն էին արձագանք գտնում: Այս առումով դրական փոփոխություն արձանագրվո՞ւմ է:
-Ես տեսնում եմ հետաքրքրություն բնագավառի հանդեպ: Նոր գրքեր, գրողների դիմանկարներ, գրական իրադարձություններ. սա է կարևորվում: Լավ ու վատ արձագանքն ուրիշ խնդիր է:


«ՔԻՉ ԵՆ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԿԱՄ ԳՈՆԵ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼԻՆ ՄՈՏԵՑՈՂ ԱՆԴՐԱԴԱՐՁԵՐԸ»
ՀԱՅԿ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ (գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու)
-Գրական մցանակներին ինչպե՞ս եք վերաբերվում:
-Լավ է, երբ մարդկանց աշխատանքը խրախուսվում է, մարդիկ իրենց գնահատված են զգում: Միևնույն ժամանակ մթնոլորտի վրա այնքան էլ լավ չի անդրադառնում. մի մասին մրցանակներ են շնորհվում, մյուս մասն էլ է ուզում, մրցանակների մրցավազք է լինում: Թեև ժամանակի ընթացքում, կարծում եմ, բոլորին էլ բաժին հասնում են գրական մրցանակները:
-Այսօր Դուք որպես լրագրող եք մրցանակ ստացել: Ի՞նչ փոփոխություն եք նկատում լրատվական դաշտում` գրականությունը լուսաբանելու առումով:
-ԶԼՄ-ները, հատկապես էլեկտրոնային միջոցները, այնքան են շատացել, որ նյութերի պակաս է նկատվում, և լրագրողները սկսել են ուշադրություն դարձնել գրականությանը: Ակտիվացել են նաև գրական կյանքը, գրահրատարակչությունը` նախորդ տարիների համեմատ: Եթե շատ գրքեր են հրատարակվում, շատ խոսելու նյութ է լինում: Բայց պրոֆեսիոնալ կամ գոնե պրոֆեսիոնալին մոտեցող անդրադարձերը շատ քիչ են: Լրագրողները մեծմասամբ նույնիսկ գրողին ու գրականագետին չեն տարբերում: Այս խնդիրը կա: Ցանկալի է նաև, որ անունների, աղմուկ հանած գրքերի հետևից չընկնեն, այլ փորձեն բացահայտումներ անել, ներկայացնել գրական այն գործերը, որ հասանելի չեն ընթերցողին:

Ճեպազրույցները`
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 1345

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ